«Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ լքեցին նիստերի դահլիճը
ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց որոշակի փոփոխությունների հետ, ինչն այդքան էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սրտով չէր, նա դիտողություններ արեց, որից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը և գնացին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատասենյակ:
Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ խնդիր չի եղել: «Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի հետ կապված հարցը չենք քննարկել, պարզապես բարձր տոնով են խոսել միմյանց հետ: ԱԺ-ի նիստերի ժամանակ ևս բարձր տոնով են խոսում»,- ասաց Սիմիդյանը և հավելեց, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել, և լուրջ բան չկա:
Լրագրողների հարցին, թե ինչի հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ տվեցին։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց` լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում:
Ի դեպ, լրագրողներն ականատես եղան, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտնում խմբակցություն։









