Գիտության ֆինանսավորումը մոտ 12.6 մլրդ դրամ է, մոտ այնքան, որքան պետական համակարգում բյուջեի պարգևատրումների ֆոնդը. գիտնական

21:07 • 13.11.19

Գիտության ոլորտում իրավիճակն օրհասական է, խորը ճգնաժամային խնդրի առաջ ենք կանգնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երիտասարդ գիտնական Տիգրան Քոթանջյանը` անդրադառնալով 2020թ.-ի պետական բյուջեում գիտությանը հատկացվող ֆինանսավորմանը, որը գիտության մասին օրենքով պահանջվող նվազագույն շեմից մոտ 1,5 մլրդ պակաս է, բայց այդ 1.5 մլրդ-ի տրամադրման դեպքում էլ խնդիրը չի լուծվի, ընդամենը նվազագույն շեմը կապահովվի, կտրուկ քայլեր են պետք:

«Երկու տարի անընդմեջ գիտության ֆինանսավորումը չի բարձրացվել: Գիտության ոլորտում կտրուկ քայլեր են պետք, որոնք, 30 տարի է, չեն արվում: Երբ պետության կողմից բավարար ֆինանսավորում, բավարար աջակցություն չկա, այսինքն`գիտությունը կարևորությամբ վերջին տեղն է զբաղեցնում, և տակն ինչ-որ մնաց, մի բան տալիս են, թե «յոլա» գնացեք, այդ վիճակում մասնավորն ու հասարակությունն էլ սկսում են նույնատիպ վերաբերմունք ցուցաբերել գիտնականների ու գիտության հանդեպ»,-ասաց Քոթանջյանը` նշելով, թե շատ այլ ոլորտների, ի տարբերության գիտության, մեծ բյուջե են հատկացնում:

«Այսօր, փաստացի, գիտության ֆինանսավորումը մոտ 12.6 մլրդ դրամ է, որպես օրինակ ասեմ` պետական համակարգում բյուջեի պարգևատրումների ֆոնդը ևս 12 մլրդ դրամ է: Այսինքն`պետական համակարգում պարգևատրումների ֆոնդը մոտ այնքան է, որքան` գիտության ֆինանսավորումը: Դա ՀՆԱ-ի 0.2 տոկոսն է ընդամենը»,-նշեց գիտնականը` ընդգծելով, թե այս պայմաններում էլ Հայաստանում գիտությունը բավականին լավ արդյունքներ է տալիս:

«Բայց դա հավերժ լինել չի կարող: Գիտաշխատողների նվազման միտում կա: Պետք է կտրուկ գումարային ներդրումներ անել, որպեսզի գիտնականների աշխատավարձերը դառնան արժանապատիվ, որպեսզի երիտասարդները մնան գիտության ոլորտում, որպեսզի դպրոցականները, որոնք ավարտում են, ցանկանան գիտությամբ զբաղվել: Համալսարաններում էլ այդ ուղղությունները դարձել են ոչ պոպուլյար»,-ասաց Քոթանջյանը`նշելով, թե այս պահին Հայաստանում գիտնականների թիվը հասել է 4000-ի, մշտական արտագաղթ կա:

«Երիտասարդները համալսարանն ավարտելուց հետո մտնում են գիտության մեջ, այնուհետև կայանում են, կայանալուց հետո, չստանալով բավականաչափ աշխատավարձ, կամ մեկնում են արտասահման, կամ փոխում են ոլորտը: Մեզ էլ ասում են`արկածախնդիր մարդիկ եք, գնում, այդ ցածր աշխատավարձի դիմաց աշխատում եք, դրա փոխարեն ծրագրավորող, մատուցող աշխատեք, տաքսի վարեք կամ արտասահման գնացեք»,-նշեց գիտնականն` հավելելով, թե խնդրի լուծումը կախված է քաղաքական կամքից, մեկ որոշմամբ հնարավոր է հարցը լուծել:

Գիտության ֆինանսավորումը մոտ 12.6 մլրդ դրամ է, մոտ այնքան, որքան պետական համակարգում բյուջեի պարգևատրումների ֆոնդը. գիտնական