Facebook-ն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 3,2 մլրդ կեղծ օգտահաշիվ է ջնջել

12:19 • 14.11.19

Ամերիկյան Facebook կորպորացիայի աշխատակիցներն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ջնջել են 3,2 մլրդ կեղծ գրանցում: Այս մասին խոսվում է Facebook-յան պաշտոնական կայքում չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

«Վերջին երկու եռամսյակի ընթացքում մենք սկսել ենք առավել արդյունավետորեն խոչընդոտել կեղծ օգտահաշիվների հայտնաբերման և ստեղծման գործընթացին: Մեր գնահատականներով` ամեն օր կիրառելով տվյալ հայտնաբերման համակարգը` կանխում ենք կեղծ հաշիվներ ստեղծելու միլիոնավոր փորձեր»,- ասվում է փաստաթղթում, որտեղ նոր տվյալներ կան երկրորդ և երրորդ եռամսյակների վերաբերյալ:

Ընթացիկ տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում 1,5 միլիարդ, իսկ հուլիսից սեպտեմբեր՝ 1,7 միլիարդ այդպիսի հաշիվներ են ջնջվել: Ընկերությունը նշում է, որ անցյալ տարի ապրիլից հունիս ամիսներին ջնջվել է 800 միլիոն կեղծ գրանցում, ընդ որում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին`754 միլիոն: Գրեթե բոլոր դեպքերում Facebook-ի փորձագետները նման միջոցներ են ձեռնարկել մինչ օգտատերերի կողմից բողոքներ ստանալը:

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Facebook-ից ջնջել են «կպչուն» գովազդներով ավելի քան 4,1 միլիարդ հաղորդագրություն, բռնության մասին 54,5 միլիոն հրապարակում: Բացի այդ, ջնջվել է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը քարոզող 11,1 միլիոն հաղորդագրություն, ինչպես նաև ազգային, էթնիկ և ռասայական ատելություն քարոզող 11,4 միլիոն հրապարակում:

Վերջին տարիներին Facebook-ի ղեկավարությունը մեկ անգամ չէ քննադատվել ԱՄՆ իշխանությունների և ամերիկյան հասարակության կողմից օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար համապատասխան միջոցներ չձեռնարկելու և սոցիալական ցանցով վնասակար տեղեկատվության տարածմանը չհակազդելու համար:

 

Facebook-ն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 3,2 մլրդ կեղծ օգտահաշիվ է ջնջել