Դուբայի ավիաշոուի շրջանակում Ուկրաինան ներկայացրել է Լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված սարքի նախագիծը (տեսանյութ, լուսանկարներ)
Ուկրաինայի տիեզերական արդյունաբերության առաջատար ձեռնարկությունը՝ «Յուժնոյե» կոնստրուկտորային բյուրոն, Dubai Airshow 2019 ավիաշոուի շրջանակում ներկայացրել է լուսնային վայրէջքային սարքերի ընտանիքի հայեցակարգային նախագիծ: Այդ սարքերը կարող են օգտագործվել Լուսնի մակերևույթին օգտակար հանածոների որոնման համար և կդառնան լուսնային քաղաքի ստեղծմանն ուղղված առաջին քայլերը, հաղորդվում է ընկերության կայքում:
Խորհրդային ժամանակաշրջանում այս ձեռնարկությունում են մշակվել «Կոսմոս» և «Զենիթ» տիեզերական հրթիռները, ինչպես նաև «Սատանա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Ներկայում ձեռնարկությունն արտադրում է ամերիկյան «Անտարես» հրթիռների առաջին աստիճանի մասերը:
«Dubai Airshow 2019-ի ընթացքում առաջին անգամ ներկայացվել է ադիտիվային տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստված 1:5 մասշտաբի վայրէջքային սարքի մակետը, որը ստեղծվել է «Յուժնոյե» կոնստրուկտորային բյուրոյի սեփական ուժերով»,- ասվում է ձեռնարկության կայքում տրված հայտարարության մեջ:
Ինչպես հստակեցվում է կայքում` նախագիծը մշակվել է Լուսնի մակերեսը հետազոտելու և դրա վրա 150 կգ զանգվածով բեռ տեղափոխելու համար: Նշվում է, որ գիտական սարքավորումներով ապարատը տեղից տեղ երեք անգամ թռչելու հնարավորություն ունի: «Ապագայում այն բազում հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական գործունեության, ինչպես նաև Լուսնի վրա օգտակար հանածոների հայտնաբերման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընկերության կայքում տեղադրված է նաև 3D տեսանյութ, որում ցուցադրված է թռիչքուղին, վայրէջքային սարքի ընդհանուր տեսքը, դրա առանձին մասերը, ինչպես նաև Լուսնի վրա կատարվելիք վայրէջքը:












