Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան Human Rights Watch, NDI և Freedom House կազմակերպությունների նկատմամբ և կասեցրել է ամերիկյան նավերի՝ Հոնկոնգ մտնելու հարցումների դիտարկումը: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:
Ավելի ուշ ցուցարարները սկսել են պահանջել ժողովրդավարական բարեփոխումներ, համընդհանուր ընտրական իրավունքի սահմանում և Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամի հրաժարականը:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնկոնգում Մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության մասին օրենք է ստորագրել: Օրենքը ենթադրում է Հոնկոնգի հետ առևտրային հարաբերությունների վերանայում, ինչպես նաև պատժամիջոցներ այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման համար:
Բացի այդ, Թրամփն օրենք է ստորագրել Հոնկոնգ ոստիկանական հանդերձանքի մատակարարումներն արգելելու մասին:










