Dictionary բառարանն ընտրել է տարվա բառը
Անգլերենի Dictionary առցանց բառարանը որպես 2019 թվականի բառ է ընտրել «էքզիստենցիալ» (existential) ածականը, որը հաճախ օգտագործվել է կլիմայական փոփոխությունների, զենքի կիրառմամբ բռնության և ժողովրդավարական ինստիտուտների շուրջ քննարկումների ժամանակ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, բառարանն այդ բառի երկու նշանակություն է ներկայացնում: Առաջինը «վերաբերում է գոյատևմանը» և անգլերեն լեզվում ի հայտ է եկել 17-րդ դարում: Այս իմաստով «էքզիստենցիալ» բառը հաճախ օգտագործվում է, երբ «ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի գոյությունը վտանգի տակ է գտնվում:
Երկրորդ իմաստով «էքզիստենցիալ» բառի կիրառումը մարդու ազատ ընտրությամբ բնորոշվող մարդկային գոյության բնույթի հետ է կապված, առաջին անգամ գրառվել է 20-րդ դարի սկզբում:
Ինչպես նշում է բառարանը, 2019 թվականին համացանցի օգտատերերը հաճախ փնտրել են «էքզիստենցիալ» բառի նշանակությունը, երբ այն սկսել են օգտագործել քաղաքական գործիչները:










