«ԿամԱԶ»-ներից 3-ը նվիրել է «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի տնօրենն այլ անուն ազգանունով մարդ է. ես իրավունք չունեմ ասելու, որ դա Ալեքսանյանի նվերն է. Հայկ Մարության
«Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրատվության դիմաց ոչ մի կառուցապատում չի ուզել։ Այս մասին այսօր Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Դիտարկմանը, թե ինչպես է, որ Մարությանը տեղյակ չէ, որ «Ալեքս ըսդ հոլդինգ»-ը Սամվել Ալեքանյանինն է, քաղաքապետը պատասխանել է.
«20-ից 3-ը նվիրել է «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի տնօրենն այլ անուն ազգանունով ինչ-որ մարդ է, չեմ հիշում, ճիշտն ասած։ Բաժնետերն ինչ-որ մարդ է, որն էլի Սամվել Ալեքսանյանը չէ։ Ես, որպես քաղաքապետ, իրավունք չունեմ ասելու, որ դա Ալեքսանյանի նվերն է, կամ դա իրենն է»:
Մարությանը նշեց, որ նա իրավունք ունի միայն ասելու, թե որ ընկերությունն է նվիրել՝ մնացած ենթադրությունները թողնելով կռահողներին: Ըստ նրա՝ այստեղ ոչ մի խնդիր չկա և նրանք հատուկ են նշել՝ ասելով, որ եթե Սամվել Ալեքսանյանը ցանկանում է նվեր տալ քաղաքին, ապա նրանք միշտ պատրաստ են ընդունելու։
Ավելի վաղ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ Օհանով 15/1 հասցեում շինթույլտվության համար դիմում էր ներկայացրել գործարար Սամվել Ալեքյանյանի կին Շողերինա Մկրտչյանը։
Հայկ Մարությանը ցույց տվեց նաև մի փաստաթուղթ, ըստ որի՝ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին տրված շինթույլտվության համար տուգանք է դրվել։ «Այդ ի՞նչ փոխկապակցվածություն է. եթե մարդը նվիրում է, մենք դրա դիմաց տուգանո՞ւմ ենք»,- ասաց նա և նշեց, որ նվիրատվություն կատարածներից կան, ովքեր կառուցապատման ժամանակ տուգանք են ստացել քաղաքապետարանի կողմից։
«Սա նշանակում է, որ Երևանում արտոնյալներ չեն կարող լինել»,- ասաց նա և անդրադարձավ նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ըստ նրա՝ այն գործելաոճին, երբ թույլտվությունների դիմաց գումարային փոխանցումներ էին կատարվում «Երևան» հիմնադրամին։
Նա նշեց, որ շինթույլտվությունների գործընթացները տեղի են ունենում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։ «Լսել եմ, որ ասում են՝ շինթույլտվություն՝ «ԿամԱԶ»-ի դիմաց․ դա անպատկերացնելի է ինձ համար: Եթե մի բան չի կարելի սարքել, ուրեմն չի կարելի, եթե մի բան կարելի է կառուցապատել, ուրեմն կարելի է։ Մեկը մյուսին չի կարող նույնիսկ մոտ լինել»,- ասաց Մարությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարեցին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքային իշխանությունները նախ հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, սակայն այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը։
Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ Օհանով 15/1 հասցեում է գրանցված «Ալեքս ընդ հոլդինգը», որը, այսպես ասած, նվիրատվություն է կատարել և Օհանով 15/1 հասցեն, որ որպես ինքնակամ շինություն է, օրինականացվել է: Նրա խոսքով Օհանով 15/1 հասցեում շինթույլտվության համար դիմում էր ներկայացրել գործարար Սամվել Ալեքսանյանի կին Շողերինա Մկրտչյանը։










