Պարոն Ծառուկյանի հայտարարությունների հետևում փաստեր չկան․ Հայկ Մարությանը՝ ԱԷՄ-ից ներդրողների հիասթափության մասին

23:34 • 03.12.19

Պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում, և այդ հայտարարությունների հետևում փաստեր չկան։ Այս մասին այսօր Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ ԱՄԷ-ից քաքաղապետի մոտ եկած ներդրողները հիասթափված հեռացել են։

«Հիասթափության մասին խոսելը սխալ կողմից է նկարագրվում։ Ինձ զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, ասացի՝ իհարկե, բնականաբար, այդ մարդկանց հարմար էր, որ հանդիպումը կիրակի լինի, ես ասացի՝ խնդիր չկա, որովհետև մենք 24-7 ռեժիմով ենք աշխատում»,- մանրամասնեց քաղաքապետը։

Մարությանը ներկայացրեց, որ հանդիպումը շատ լավ են կազմակերպել, հանդիպումը տեղի է ունեցել պաշտոնական հանդիպումների համար նախատեսված դահլիճում։ Նրա խոսքով՝ ի տարբերություն իրենց պաշտոնական հագուստի՝ ներդրողները ոչ այդքան ներկայանալի հագուստով են եղել: «Ինչևէ, նրանք առաջարկում էին կառուցել հյուրանոց և հիվանդանոց։ Հիվանդանոցը, որ պետք է բարեգործական լինի, բացարձակ նման խոսակցություն չի եղել․ խոսակցությունը՝ զուտ բիզնես։ Շեշտը դնում էին Կենտրոնի վրա։ Մենք բացատրեցինք, որ Կենտրոնը գերծանրաբեռնված է, տեղ չկա։ Նրանք նաև հողատարածք չունեին, ասում էին՝ միգուցե քաղաքը ունի՞»,- ասաց նա և հավելեց, որ ներդրողներին առաջարկել են Կենտրոնից դուրս տարածք փնտրել, եթե Կենտրոնից են ուզում գնել, ապա պետք է մասնավորներին դիմեն։

Քաղաքապետը ներկայացրեց, որ ներդրողներին ասել են՝ ամեն հարցում կօգնեն և կաջակցեն։ Նա նշեց, որ նրանց առաջարկել են մետրոպոլիտենի և ստորգետնյա կանգառների ծրագրերը, որին ներդրողները դրական են պատասխանել։

«Հետաքրքիրն այն էր, որ հանդիպման այդ մասում նրանց հեռախոսները սկսեցին զանգել, նրանք անկաշկանդ այդ ընթացքում վերցնում էին, խոսում էին։ Այն պահին, երբ ես պատմում էի, ներկայացնում էի, նրանք վերցնում էին, իրենց լեզվով խոսում էին, դնում էին»,- ասաց նա և ներկայացրեց, որ զանգերն ու պատասխանները պարբերաբար են եղել։

«Ես և պարոն Մեսչյանը համբերատար սպասում էինք։ Ես մի պահ մեր մեջ ասացի, որ գուցե էլ հետաքրքիր չի խոսակցությունը, կարող է մարդիկ ինչ-որ տեղ են շտապում։ Ասացի՝ հարգելիներս, կարծում եմ դուք շտապում եք, հանդիպումը կարող ենք ավարտել»,- պատմեց նա և ասաց, որ հավելել է՝ բոլոր հարցերով կարող են դիմել։

Մարությանը նշեց, որ ներդրողներին ասել է՝ կարող են ցանկացած դիմումով ներկայանալ, սակայն, ըստ նրա, մինչև օրս ոչ մի գրավոր դիմում չեն ստացել։ Իսկ պարոն Ծառուկյանի հայտարարությանը, որ մեծ հյուրանոց են կառուցում և քաղաքապետարանը արգելում է,  նա արձագանքեց․ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է այդ շինարարությունը»,- ասաց նա։