Այսօրվա գործողություններից հետո նախարար անունը չպետք է տրվի նման վարքագիծ դրսևորող մարդուն․ Արծվիկ Մինասյանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին (տեսանյութ)

22:06 • 03.12.19

Եթե երիտասարդների նկատմամբ նման վարքագիծ է դրսևորվում, իշխանության տվյալ ներկայացուցիչն այլևս անելիք չունի այս երկրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Երիտասարդները պահանջել են հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և, արձագանք չստանալով, փորձել են ներս մտնել: Ոստիկանական սադրանք է եղել, դա է իմ նախնական գնահատականը, որից հետո ուժ է գործադրվել»,- ասաց նա։

«Սրա պատասխանը պետք է տան թե՛ իրավապահ մարմինները, թե՛ պատասխանատու անձինք, ովքեր զբաղեցնում են հանրային պաշտոններ ու նման վերաբերմունք են ցուցաբերում հայ երիտասարդի նկատմամբ»,- նշեց Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ երիտասարդների գործողություններն անօրինական չեն եղել: Նա նշեց, որ եթե օրվա իշխանության՝ նախկինում կատարած նման գործողություններն օրինական էին դիտվում, ինչո՞ւ պետք է հիմա ընդդիմախոսների գործողություններն անօրինական համարվեն։ Նա նշեց, որ սա վարքագիծ է՝ քաղաքական ենթատեքստով։

«Այսօրվա գործողություններից հետո նախարար անունը չպետք է տրվի նման վարքագիծ դրսևորող մարդուն»,- ամփոփեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամը։

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։