Պարեկայինները բերման են ենթարկել գողության փորձ արած երիտասարդների․ նրանք ձերբակալվել են (տեսանյութ)
Դեկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու հոգի, կոտրելով դուռը, փորձում են մտնել Տերյան փողոցի պանդոկներից մեկը։ Ահազանգից երկու-երեք րոպե անց դեպքի վայր են հասել ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Պարեկայիններին տեսնելով՝ երիտասարդները փախել են։ Նրանք բռնվել են Կորյունի փողոցում ու, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Խոսքը Երևանի բնակիչներ 16 և 18-ամյա երիտասարդների մասին է, որոնք բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել են։ Նրանք նման առիթներով արդեն բազմիցս հայտնվել էին ոստիկանների տեսադաշտում։ Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ունեին առ այն, որ Կենտրոն վարչական շրջանում գտնվող տարբեր հաստատություններից գողություններ են արել։ Կասկածները հիմնավորվել են փաստերով․ պարզ է դարձել, որ ձերբակալված երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Տերյան փողոցի արագ սննդի կետերից մեկի դուռն ու դյուրակիր համակարգիչ և բջջային հեռախոսներ գողացել։ Դեկտեմբերի 1-ին նույն կերպ՝ դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Տերյան փողոցի խմորեղենի խանութի դուռը, մտել ներս, սակայն ինչ-ինչ պատճառներով հանցագործությունն ավարտին չէին հասցրել։
Այս և այլ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։










