Սա քաղաքական պատվեր է. կառավարությունը նման պահվածքով կրակի հետ է խաղում․ ակտիվիստը՝ իրենց բերման ենթարկելու մասին (տեսանյութ)

20:00 • 03.12.19

Քիչ առաջ ՀՅԴ երիտասարդներից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանը դուրս եկավ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից։ Նա նշեց, որ ընկերներից տեղյակ չէ, միայն մի քանիսին հանդիպել է բաժնի միջանցքներում։

Նրան բերման են ենթարկել ԿԳՄՍ-ի շենքի դիմացից, գրքի ընթերցման ժամանակ։ «Փաստորեն, մեր պետության կողմից «Հուզանք ու Զանգ» կասկածելի միջոցառումը ոստիկանության կողմից պաշտպանված է, բայց օրինակ՝ սահմանադրության հոդվածների ընթերցումը ոստիկանության կողմից անցանկալի է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ոստիկաններից շատերն իրենց ցանկությամբ դա չեն արել: Ըստ նրա՝ սա քաղաքական պատվեր է։ «Եթե այդ պատվիրատուներին թվում է, թե մեզ ասֆալտին փռեցին, ապա նրանք սրանից հետո ասֆալտին ֆռված են՝ որպես քաղաքական մարմին։ Այս կառավարությունն ասֆալտին փռված է։ Մենք ոչ ասֆալտին փռվող ենք, ոչ էլ կփռվենք»,- նշեց նա։

Ակտիվիստի խոսքով՝ այս ամենը կատարողները պատասխանատվություն են կրելու, և նրա գնահատմամբ՝ այսօրվա կառավարությունը նման պահվածքով կրակի հետ է խաղում։

Նա նշեց, որ ոստիկանության գործողությունները հակաօրինական են։

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։