Հրապարկվելիք փաստերը կապացուցեն՝ ով է ստախոսը. Իվետա Տոնոյանը՝ քաղաքապետի խոսնակի հայտարարության մասին, թե Աբու Դաբիի թագաժառանգի կողմից հյուրանոց կառուցելու՝ Ծառուկյանի ասածն օդի մեջ խոսակցություն է

17:55 • 03.12.19

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակին հորդորում է այլևս չշարունակել հարցազրույցները, և չմեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, որը ցանկացել է խոշոր ներդրումներ անել Երևանում, սակայն քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի վերաբերմունքից հիասթափված է հեռացել Հայաստանից։ Իվետա Տոնոյանը նշում է, որ քանի որ քիչ անց հրապարակվելիք փաստերն ապացուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը:

Հայտարարությունում ասվում է.

«Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել,  Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս  պատճառով ստիպված է լինում հայտնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին:  Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել: Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարակվեիք փաստերն ապացուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը»:

Հիշեցնենք, որ Հակոբ Կարապետյանը Aravot.am–ի հետ զրույցում ասել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգի նախաձեռնությունը Երեւանում անվճար հիվանդանոց ու հյուրանոցներ կառուցելու վերաբերյալ օդի մեջ խոսակցություն է։