ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը ՍԴ-ն վերցնելու, դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ իշխանությունների ծրագրի հերթական արարն է. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը իշխանությունների կողմից ՍԴ-ն վերցնելու, դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրի հերթական արարն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Ըստ նրա՝ հասկանալով, որ այդ նպատակի կատարման այլ հնարավորություն չունեն, իշխանությունները փորձում են կամավոր հնարավորություն տալ՝ հավանաբար մտածելով, որ հնարավոր կլինի այս ճանապարհներով վերահսկել դատավորներին:
«Նախագծում հակասություններ կան կառավարության մոտեցումների միջև, որովհետև մի կողմից նրանք փորձում են խթանել, այսպես կոչված, բարեվարքությունը, բայց դատավորներին անում են այնպիսի առաջարկ, որն ընդունելը, ինքնին, բարեվարքության խախտում է։ Մյուս կողմից արժանապատիվ հեռանալու մասին են խոսում, բայց անում են առաջարկ, որն ընդունելը, ինքնին, արժանապատիվ համարվել չի կարող»,-ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով հարցին, թե միջազգային հարթակներում նմանատիպ ինչպիսի՞ փորձ կա, իրավաբանն ասաց, թե այս նախագիծը բացառիկ է իր բնույթով: «Ես տեսել եմ նախագծեր, որտեղ օրենքով փորձ է կատարվել իջեցնել ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը, այսինքն՝ օրենքով սահմանել կենսաթոշակի անցնելու ավելի վաղ տարիք, տեսել եմ նախագծեր, որտեղ փորձ է արվում վերցնել ՍԴ-ն՝ ՍԴ դատավորների քանակն ավելացնելով, բայց այսպիսի նախագիծ ես չեմ տեսել, և կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք ասում են՝ շատ երկրների փորձ կա, ուղղակի չեն կարող ներկայացնել այս մոդելի կիրառման որևէ օրինակ»,- պարզաբանեց Մելիքյանը:
Վերջինս խնդրահարույց համարեց նաև նախագծի տարիքային սահմանումները: «Այն ինչպես կենսաթոշակի անցնելու համար շատ փոքր տարիք ունեցող դատավորներին է վերաբերում, այնպես էլ գրեթե կենսաթոշակային տարիքին մոտ անձանց: Այստեղ չկա տրամաբանություն»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նախագծի հեղինակները պնդում են, որ այն նպատակ ունի վերացնել ՍԴ ճգնաժամը, Ռուբեն Մելիքյանը նշեց, թե ցանկացած գործադիր իշխանություն որևէ ինստիտուտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար կարող է հայտարարել, որ այնտեղ կա ճգնաժամ: «Բառերն ունեն իմաստ և նշանակություն: ՍԴ-ն աշխատում է սովորական ռեժիմով, և եթե մենք «ճգնաժամ» տերմինը կիրառենք նաև այս իրավիճակի վրա, ապա այն կկորցնի իր իմաստը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ևս նշում են, թե դեմ են նախագծին, և արդյո՞ք իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ականջալուր կլինի քննադատություններին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն ասաց, թե չի կարծում, որ իշխանությունն այս նախագծի կապակցությամբ կարող է ճկունություն դրսևորել:
«Երկար ժամանակ է՝ նախագիծը ներկայացվում է ՍԴ-ի՝ իրենց իսկ ստեղծած «ճգնաժամը» լուծելու միջոց: Դժվար եմ պատկերացնում՝ այսքանից հետո հետ կանգնեն այս նախագծից: Բայց եթե նախագծի ընդունումն իշխանական ուժը համարի հաղթանակ, դա կլինի կյուրոսյան հաղթանակ, որովհետև կարծում եմ՝ շատ թանկ քաղաքական գին կվճարի՝ ի դեմս իշխող քաղաքական ուժի իրավաքաղաքական հայացքներից իրավաբանական համայնքի՝ էլ ավելի հեռացման»,- ամփոփեց Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ նշված նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական բոլոր երաշխիքների պահպանմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:










