Եթե գործը նախաքննության փուլում է, ինչու՞ եք ասում՝ Արթուրն ինքնասպան է եղել․ դեկտեմբերի 2-ին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա էին անում ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)
Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։
Նրանք պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։
Բողոքի ակցիայի ընթացքում Արթուր Աջամյանի հարազատներին մոտեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց՝ իր համար ևս կարևոր է ճշմարտության բացահայտումը:
«Եթե զինծառայող Արթուր Աջամյանին սպանել են, ես ձեզ ասում եմ՝ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ դա հանկարծ որևէ այլ որակավորում չստանա: Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կրեն: Ասում եմ որպես մայր, որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ոչ մի բան չի կոծկվելու»,-ասաց նա:
Ցուցարարների հետ հանդիպեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Արթուր Աջամանի հարազատներից մեկը, դիմելով նրան, ասաց, թե իրենք զորամասից զանգեր են ստանում, և իրենց ասում են, թե կռիվ է եղել, ապա՝ սպանություն:
«Մենք վստահ ենք, որ եղել է սպանություն, կա երրորդ մարդ, երեխայի մատները ջարդված են եղել»,-ասաց նա, ապա հավելեց՝ չեն սպասելու վաղվան, դին բերելու են ԱԺ, եթե պատասխան չստանան:
Քոչարյանը խոստացավ, որ իր նախագահած հանձնաժողովն ամեն ինչ կանի, որ օբյեկտիվ քննություն իրականացվի:
Քոչարյանն ու Արթուր Աջամյանի հարազատների փաստաբանն այժմ ԱԺ-ում են. փաստաբանը Քոչարյանին է ներկայացնում գործի՝ իրեն հայտնի հանգամանքները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Այս մասին հայտնել էին Արցախի պաշտպանության նախարարությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:










