Ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են. Թագուհի Թովմասյան

13:38 • 19.12.19

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելը նման է գողության, բայց գողություն չի եղել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է թերթի հիմնադիր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, թե խորհրդարանում է եղել, երբ աշխատակիցներից տեղեկացել է, որ խմբագրությունը տակնուվրա է արված:

«Եկա ու միանգամից արձանագրեցի, որ կտրել են մուտքի մոտ դրված տեսախցիկի լարը: Այսինքն՝ ի սկզբանե փորձել են այնպես անել, որ հետքերը վերացնեն»,-ասել է Թովմասյանը՝ ընդգծելով, թե իր համար մտահոգիչ է, որ ըստ էության, մտել են խմբագրություն՝ գողության պատրվակով, բայց գողություն չեն արել: «Նշանակում է՝ ինֆորմացիա, փաստաթուղթ են փնտրել, ու ես չգիտեմ՝ արդյոք գտել են, թե ոչ»,-հավելել է պատգամավորը:

Դիտարկմանը, թե օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՔԾ ցուցմունքը հրապարակելու գործով է անցնում, և արդյո՞ք դա կարող է կապ ունենալ այս ներխուժման հետ, Թովմասյանն արձագանքել է.

«Քնար Մանուկյանի՝ մեկուկես ամսվա բոլոր հեռախոսազրույցները վերծանել են, ինչը նշանակում է, որ լրագրողից աղբյուր են փնտրել: Այդ դեպքը նման է աղբյուր փնտրելու կամ աղբյուր բացահայտելու, բայց այս պահին կդժվարանամ ասել՝ սա աղբյուրի բացահայտում կամ աղբյուրի փնտրտուք է, թե ոչ: Այնուամենայնիվ, ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են»,-ասել է  Թովմասյանը՝ նշելով, թե այնպիսի իրավիճակ է, որ ամեն լրագրող նյութ գրելիս պետք է մտածի՝ բա որ գան, բա որ տանեն, ու ՀՔԾ-ում ցուցմունք տա, թե իր աղբյուրը չի բացահայտում: