2019 թվականի լավագույն ֆիլմերը՝ ըստ Wired-ի (տեսանյութեր)

14:46 • 25.12.19

2019 թվականը հագեցած տարի էր կինոսերների համար: Դրամաներից մինչև կատակերգություններ և ինքնակենսագրական ու գիտաֆանտաստիկ ֆիլմեր, Wired-ը ներկայացնում է 2019-ի լավագույն ֆիլմերը:

 

«Մակաբույծներ»

Գրող, ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծներ» ֆիլմը հեշտությամբ դարձավ 2019 թվականի ամենահաջողված ֆիլմերից մեկը: Ֆիլմը պատմում է Քի-թեքի ընտանիքի անդամների մասին, որոնք առանձնակի հետաքրքրություն են տածում Փարքս ընտանիքի հանդեպ՝ նրանց ապրուստի միջոցների պատճառով, մինչև որ հանդիպում են անակնկալ միջադեպի: Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծներ» հարավկորեական թրիլլերն անվանել է 2019 թվականի լավագույն ֆիլմ: 

 

«Հանել դանակները»

2019 թվականի ամերիկյան դետեկտիվ ֆիլմ է, որը նկարահանվել է ռեժիսոր Ռայան Ջոնսոնի կողմից։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմում հանդես են գալիս Դենիել Քրեյգը, Քրիս Էվանսը, Անա դե Արմասը, Ջեյմի լի Քերթիսը, Մայքլ Շենոնը և այլ դերասաններ:

Երբ իր իսկ 85-ամյակից անմիջապես հետո կալվածքում գտնում են քրեական վեպերի հայտնի հեղինակ Հարլան Թրոմբիի դին` հետաքննությունը սկսում է անցկացնել հմայիչ և բծախնդիր խուզարկու Բենուա Բլանքը: 

 

«Աստղային պատերազմներ. Սքայուոքեր. Արևածագ»

Ֆիլմը 1977թ. ի վեր նկարահանվող և ավելի քան քառասուն տարի տևած Սքայուոքերների ընտանիքի անհավատալի պատմության մասին ֆիլմաշարի վերջին մասն է: Ջ․ Ջ․ Աբրամսի ֆիլմում ֆիլմասերները կարող են հանդիպել հին և նոր հերոսների, հայտնվել բացառիկ աշխարհներհում և ականատես լինել հետաքրքրաշարժ ճանապարհորդությունների:

Ֆիլմում հանդես են գալիս Քերի Ֆիշերը, Մարկ Հեմիլը, Ադամ Դրայվերը, Օսկար Այզեկը, այլք:

 

«Ամուսնական պատմություն»

«Ամուսնական պատմություն» ֆիլմը գրել և նկարահանել է ռեժիսոր և սցենարիստ Նոա Բաումբախը:

Netflix-ի ֆիլմում գլխավոր դերերով հանդես են գալիս հոլիվուդյան դերասաններ Սքարլեթ Յոհանսոնը և Ադամ Դրայվերը:

«Ամուսնական պատմություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում՝ 2019 թվականի օգոստոսի 29-ին, այն նաև ցուցադրվել է Տելուրիդի կինոփառատոնում և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, որտեղ այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։

Ֆիլմն ամուսնության քայքայման և դրա հետևանքների մասին դրամա է:

 

«Մերկապարուհիները»

«Մերկապարուհիները» ռեժիսոր Լորին Սկաֆարիայի նկարահանած ամերիկյան կատակերգական դրամա է: Ֆիլմը հիմնված է 2015 թվականի «New York magazine»-ում հրատարակված Ջեսիկա Փրեսլերի «Մերկապարուհիների փոխհատուցումը» հոդվածի վրա:

Ֆիլմում հանդես են գալիս Ջենիֆեր Լոպեսը, Քարդի Բին, Լիլի Ռայնհարթը և այլք:

Ֆիլմը պատմում է մի քանի մերկապարուհիների մասին, որոնք կորցրել են իրենց խնայողությունները 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո: 

 

«Մենք»

«Մենք» ֆիլմը 2019 թվականի սարսափ ժանրի ֆիլմ է: Այն նկարահանվել է Ջորդան Փիլի կողմից: Գլխավոր դերերում հանդես են գալիս քենիացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, օսկարակիր Լյուպիտա Նիոնգոն, Ուինսթոն Դյուքը, Շահադի Ռայթ Ջոզեֆը, Էվան Ալեքսը, Էլիզաբեթ Մոսը և Թիմ Հեյդեկերը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 8-ին: Ֆիլմը մեծ կոմերցիոն հաջողություն է գրանցել:

Ֆիլմն արժանացել է բազմաթիվ կինոքննադատների գովասանքին:

Այն պատմում է Ադելաիդա Ուիլսոնի (Լյուպիտա Նիոնգո) և նրա ընտանիքի մասին, որոնք հարձակման են ենթարկվում մի խումբ նմանակների կողմից:

Ամուսնու, որդու և դստեր ուղեկցությամբ Ադելաիդա Ուիլսոնը վերադառնում է իր մանկության բնակարան: Ֆիլմի հերոսուհին մշտապես ինչ-որ վատ բան է կանխազգում: Նրա վատագույն մտավախությունները շուտով իրականություն են դառնում, երբ չորս դիմակավոր անծանոթներ հարձակվում են նրա ընտանիքի վրա՝ ստիպելով Ուիլսոններին պայքարել իրենց գոյատևման համար: Ֆիլմի վերջում ընտանիքը սարսափով պարզում է, որ յուրաքանչյուր հարձակվող իրենց ընտանիքի յուրաքանչյուր անդամի կերպարն է:

 

«Մի անգամ Հոլիվուդում»

Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբին:

Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969 թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Դի Կապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է:

Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին: Ֆիլմի սցենարը գրել է Տարանտինոն:

 

«Վրիժառուները. Վերջնախաղ»

Ֆիլմը Marvel-ի կոմիքսների էկրանավորումն է սուպերհերոսների խմբի՝ Վրիժառուների մասին:

Հանդիսանում է 2012 թվականի «Վրիժառուները», 2015 թվականի «Վրիժառուներ: Ալտրոնի դարաշրջանը» և 2018 թվականի «Վրիժառուները: Անվերջության պատերազմ» ֆիլմերի շարունակությունը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 22-րդ ֆիլմը:

 

«Սան Ֆրանցիսկոյի վերջին սևամորթը»

«Սան Ֆրանցիսկոյի վերջին սևամորթը» ռեժիսոր և պրոդյուսեր Ջո Թալբոթի նկարահանած ամերիկյան դրաման է:

Ֆիլմում հանդես են եկել Ջոնաթան Մեյջորսը, Դենի Գլովերը, Տիչինա Առնոլդը, Ռոբ Մորգանը, Մայք Էփսը և Ֆինն Ուիթրոքը: Ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի Ջիմի մասին, որն ունի մեկ երազանք. վերադարձնել Ֆիլմոր թաղամասում գտնվող ընտանեկան տունը, որը կառուցել է վերջինիս պապը:

«Սան Ֆրանցիսկոյի վերջին սևամորթը» հիմնված է Ջո Թալբոթի և նրա մոտ ընկերոջ` Ջիմի Ֆեյլսի մանկության և անձնական պատմությունների վրա, որոնք ուղղակիորեն կապված են Սան Ֆրանցիսկոյի հետ: 

Երիտասարդները պատմում են երազել կարողանալու գեղեցկության, միայնության, երազանքը կորցնելու ցավի, ընկերներին ներելու մասին:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարի 26-ին ՝ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակում: Ամբողջ ֆիլմն ասես բաղկացած լինի թատերական ներկայացման առանձին դրվագներից, մյուս կարևոր բաղադրիչը երաժշտությունն է:

 

«Իռլանդացին»

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի դրամատիկ ֆիլմը՝ ծագումով հայ Սթիվեն Զաիլյանի սցենարով, որը հիմնված է Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ՝ դու ներկում ես տներ» վեպի վրա:

Գլխավոր դերերը կատարել են Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն և Ջո Պեշին:

«Իռլանդացին» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքի 57-րդ կինոփառատոնում:

Ֆիլմը պատմում է Ֆրենկ «իռլանդացի» Շիրանի (Դե Նիրոյի)՝ հեռահար վարորդի պատմությունը, որը դառնում է մարդասպան և կապվում գանգստեր Ռասել Բուֆալինոյի (Պեշիի) և նրա քրեական ընտանիքի հետ:

 

«Կրթություն»՝ Booksmart

Booksmart-ն ամերիկյան կատակերգություն է, որը նկարահանվել է Օլիվիա Ուայլդի կողմից: Սցենարի հեղինակներն են Էմիլի Հալփրնը, Սառա Հասկինսը, Սյուզաննա Ֆոգելը և Քեթի Սիլբերմանը:

Ֆիլմն արժանացել է մի շարք կինոքննադատների և կինոսերների հավանությանը և համաշխարհային վարձույթում հավաքել 24 մլն դոլար:

Ֆիլմի աստղերն են Բինի Ֆելդշտեյնը և Քեյթլին Դեվերը: 

Ֆիլմը պատմում է ավագ դպրոցի երկու շրջանավարտներ Էմիի և Մոլիի մասին, որոնք որոշում են վերջապես խախտել կանոնները և զվարճանալ իրենց վերջին օրվա ընթացքում:

Ավարտական երեկոյի նախօրեին լավագույն ընկերները հանկարծ գիտակցում են, որ նրանք բաց են թողել իրենց պատանեկության ամենահաճելի պահերը: 

 

«Հրաժեշտ»

2019 թվականի ամերիկյան կատակերգություն-դրամա է, որը նկարահանել է ռեժիսոր Լուլու Վանը: 

Ֆիլմում հանդես են գալիս Ակվաֆինան, Ցի Ման, Դիանա Լինը, Ժաո Շուժենը, Լյու Հոնը, այլք:

Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որը, իմանալով, որ իրենց տատիկին մնացել է ապրելու շատ կարճ ժամանակ, որոշում է չխոսել այդ մասին և ծրագրել ընտանեկան ժողով, մինչև նրա մահը:

Բիլիի ընտանիքը Չինաստան է վերադառնում կեղծ հարսանիքի պատրվակով, որպեսզի գաղտնի հրաժեշտ տա իր սիրելի տատիկին՝ միակ մարդուն, որը չգիտի, որ իրեն ապրելու ընդամենը մի քանի շաբաթ է մնացել:

 

«Չմշակված թանկարժեք քարեր»

«Չմշակված թանկարժեք քարեր» ամերիկյան քրեական թրիլլերի ռեժիսորները Ջոշ և Բենի Սաֆդիներն են:

Ֆիլմում նկարահանվել են ամերիկահայ դերասան, սցենարիստ և դրամատուրգ Էրիկ Բոգոսյանը, Ադամ Սենդլերը, Քևին Գարնետը, Իդինա Մենզելը, Լեյքիթ Սթենֆիլդը, Ջուլիա Ֆոքսը, The Weeknd-ը:

Ֆիլմը պատմում է խաղամոլ Հովարդ Ռատների մասին, որը մինչև կոկորդը խրվում է պարտքերի մեջ: