«Առանձնահատուկ ուշադիր էր Բրայանտի և նրա ընտանիքի նկատմամբ». բասկետբոլիստ Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

13:14 • 27.01.20

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ նախօրեին Լոս Անջելեսում կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել:

Այս մասին գրում է the-sun.com-ը՝ մանրամասնելով, որ ավիաաղետից րոպեներ առաջ նրան նախազգուշացրել են «չափազանց ցածր» թռչելու մասին:

Այս մասին պարզ է դարձել օդաչուի և ավիադիսպետչերի խոսակցության ձայնագրությունից: Նշվում է, որ թռիչքի ժամանակ խիտ մառախուղ է եղել, և ավիադիսպետչերները փորձել են ճիշտ ուղղություն տալ, սակայն ավիաաղետից վայրկյաններ առաջ կորցրել են կապն ուղղաթիռի հետ:

Ինչ վերաբերում է օդաչուին, ապա աղբյուրը նշում է, որ Զոբայանը բազմաթիվ սկսնակ օդաչուներին է սովորեցրել թռչել և շատ սիրված է եղել մասնագիտական շրջանակում:

Ըստ heavy.com կայքի՝ Զոբայանի ընկերներից մեկը սոցցանցերում գրել է, որ հանգուցյալն առանձնահատուկ ուշադիր էր Բրայանտի և նրա ընտանիքի նկատմամբ:

Օդաչուի հայազգի լինելու փաստը հաստատել է նաև Armenian Report-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:

Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:

Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել: Բասկետբոլիստը սպորտային կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին:

 

На изображении может находиться: 1 человек, возможный вариант текста "THE ARMENIAN REPORT Pilot of Kobe Bryant's helicopter was of Armenian descent"