Խորը կասկածներ ունեմ, որ ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով․ Արթուր Ղազինյան

16:00 • 28.01.20

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել է, որ այն կատարվել է անձի արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ և անհամաչափ ուժի կիրառմամբ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Խստորեն դատապարտում եմ Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան, որը զուգորդվում էր անձի արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ և անհամաչափ ուժի կիրառմամբ։

Կասկածը, որով բերման է ենթարկվել Մալյանը, ենթակա էր ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, կոպտորեն խախտվել է։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նարեկ Մալյանին և վերադառնալ իրավունքի և օրինականության տիրույթ։

Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով և նպատակ է հետապնդում բռնի ուժով խլացել այլակարծությունը և կասեցնել իշխանության հասցեին Մալյանի կողմից հնչեցված քննադատությունները։

Կոչ եմ անում ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ոստիկանության գործողություններին»։