Այս «մասկի շոուի» մասին հանրությունը պետք է տեղյակ լինի, իր գնահատականը տա. Միհրան Հակոբյանը` Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)

15:33 • 28.01.20

Դեպքը տեղի է ունեցել Փարպեցի փողոցում, որտեղ «ՎԵՏՕ» հասարակական շարժման գրասենյակն է, ուր ժամանելիս՝ դիմակավորված մարդիկ, համազգեստով առևանգել են Նարեկ Մալյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը` անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն:

«Ինձ մոտ հայտնվեց այդ տեսանյութը, անմիջապես որոշեցի հանրայնացնել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի՝ ինչ է կատարվում: Նարեկ Մալյանը երբևիցե չի հրաժարվել ներկայանալ ո՛չ ոստիկանություն, ո՛չ քննչական մարմիններ, անգամ վերջերս հարյուրերորդ իր մուտքը քննչական մարմին տոնեց: Այս «մասկի շոուն», որ կազմակերպվել է, հանրությունը սրա մասին պետք է տեղյակ լինի, իր գնահատականը տա, և բոլորը պետք է իմանան, թե ինչ է կատարվում ներկայումս Հայաստանում, որ մարդուն կարելի է առանց հրավիրելու բաժին՝ որպես ծայրաստիճան վտանգավոր հանցագործի, բերման ենթարկել` պոլերին տալով, ասֆալտներին տալով, ձեռնաշղթաներ հագցնելով, այն դեպքում, երբ մենք տակավին վերջերս տեսանք, որ զինված մարդը շենք է գրոհում, պատանդառություն է անում, դրանից հետո թանկարժեք մեքենայով, դուռը բացելով իրեն ուղեկցում են դեպի ոստիկանության բաժանմունք»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանի գնահատմամբ սա ուղղակի խայտառակություն է և սրա գնահատականը պետք է հանրությունը և միջազգային կառույցները տան: «Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում պետք է տեղյակ լինեն, թե ինչ դիմակ ունի, ինչ դեմք ունի ներկայիս ռեժիմը, որ հաստատվել է Հայաստանում»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանն ասաց, որ որևէ վարկած չունի, թե ինչու են Նարեկ Մալյանին բերման ենթարկել և նշեց, որ այստեղ միանշանակ քաղաքական ենթատեքստ կա: «Սա հենց քաղաքական է, և սա Նարեկ Մալյանի անձի դեմ չէ միայն ուղղված, այլ ուղղված է բոլոր այլախոհների դեմ, որոնք այսօր ընդդիմադիր խոսք են ասում և բարձրաձայնում իրականության մասին, ուր մեզ այս ռեժիմը գլորել է»,-ասաց նա: