Բերման ենթարկելու նպատակը հեռախոսները վերցնելը և սոցցանցերի հասանելիությունն ունենալն է. Նարեկ Սամսոնյան
Դա արվել է, որ ընդամենը գետնին պառկած նկարեն մի քանի տեսախցիկներով: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առավել ևս, որ գիտենք, թե ինչի համար են բերման ենթարկել, մեղմ ասած ծիծաղելի է ոստիկանության տարածած հայտարարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի բերման ենթարկելուն:
«Բանակի օրով նման «մասկի շոու» են սարքել երկարամյա ծառայություն անցած մարդու նկատմամբ, սա այսօր խորհրդանշական երևույթն է: Նարեկ Մալյանի երեկվա հայտարարությունն ուղղակիորեն մերկացնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հիբրիդային պատերազմն ընդդեմ Ռուսաստանի: Երեկ Մալյանը բացահայտում էր արել, որ Գրիգորյանը զբաղված է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմով, սրա պատասխանն էր, որն այսօր տրվեց: Լուրեր կան, որ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ է այստեղ գտնվում: Ես սպասում եմ, որ ինձ էլ կարող են բերման ենթարկել: Ճշտում ենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինքը զենք զինամթերք ունի, բայց օրինական: «Նարեկ Մալյանը կարող է մի հատ էլեկտրաշոկ ունենա, բայց դա զենք-զինամթերք չէ, եթե նա ունի էլ՝ վստահ եմ, որ օրինական է: Ո՞նց եք պատկերացնում այս մարդու իշխանության օրոք, մենք լինելով ընդդիմադիր, ապօրինի զենք-զինամթերք պահենք: Վստահ եմ, որ չի կարող ունենալ, բացառվում է, որ անօրինական զենք ունենա»,- ասաց նա:
Սամսոնյանի խոսքով՝ ոստիկանությունը կատարում է Փաշինյանի հրամանները: Նա ասաց, որ հո իրենք տեռորիստ չեն, որ ազատ ման գան, ոստիկանապետի ծառայողական մեքենայով էլ գնան-գան:
Վերջում նա հավելեց, որ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ է ոստիկանությունում: «Իմ տեղեկություններով Նակալյանին բերման են ենթարկել, ձեռքից հեռախոսը վերցնելու, ճնշելու, վախեցնելու, անգամ ուժ կիրառելու նպատակով: Սա Նիկոլ Փաշինյանի անմիջական թողտվությամբ է: Նպատակը հեռախոսները վերցնելը և սոցցանցերի հասանելիություն ունենալն է, նաև ծրագիր են ուզում ներբեռնել հեռախոսի մեջ: Տեղեկությունս հավաստի աղբյուրներից է»,- ընդգծեց նա:










