Սա իշխանությունը պահպանելու ճիգեր են. Լիլիթ Թումանյանը` «Ադեկվադ» միաբանության մի քանի անդամներին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
Ակնհայտ է, որ սա ճնշումներ և քաղաքական հետապնդում է, սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է, քանի որ ներկայիս իշխանություններն ակնհայտորեն արդեն ցույց են տալիս, որ չեն կարող հանդուրժել քաղաքական ընդդիմախոսություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, Armnews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը` անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության մի քանի անդամներին բերման ենթարկելուն:
«Սա ունենալու է հակառակ էֆեկտը, քանի որ այսպիսի վարվելակերպն էլ ավելի է կոնսոլիդացնելու ընդդիմադիր շարքերը, էլ ավելի է ուժգնացնելու մեր գործողությունները, որովհետև ակնհայտ ռեպրեսիաները և ագրեսիվ գործողությունները՝ մատնում են ներկայիս իշխանությունների խուճապային վիճակը»,-ասաց նա:
Լիլիթ Թումանյանն ասաց, որ ներկայիս իշխանությունները չգիտեն էլ ինչի դիմեն, որպեսզի հանրության ուշադրությունը մի կողմից շեղեն, մյուս կողմից ընդդիմախոսներին վախեցնեն և լռեցնեն: «Բնականաբար, դա չի ստացվելու, քանի որ ամեն ինչ ակնհայտ է: Սա իշխանությունը պահպանելու ճիգեր են, բայց նման գործողությունների դիմում են այն իշխանությունները, որոնք զգում են վտանգ, որոնք պատրաստ են բռնապետության»,-ասաց նա:
Ըստ նրա` ներկայիս իշխանությունները վաղուց են ապացուցել, որ իրենց գործողությունները և հայտարարությունները որևէ առնչություն չունեն միմյանց հետ և ակնհայտ է իրարամերժությունն ու երեսպաշտությունը: «Մենք պատրաստվում ենք դիմել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, այժմ Ժնևում գտնվող Նաիրա Զոհրաբյանին, քանի որ այն ինչ հիմա կատարվում է, սա ոչ թե միայն ներքին քաղաքական հետևանքներ է ունենալու, այլ նաև արտաքին»,-ասաց նա:
Նա նշեց, որ չի բացառում, որ կարող է այլ մարդկանց ձերբակալություններ լինեն, քանի որ իշխանությունն ակնհայտ, ընդդիմությանը գլխատելու ջանքեր է գործադրում:










