Ամեն տարի գովազդային վահանակների վրա Բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին․ պատկերներն ընդհանրապես վերացել են, փոխարենը՝ ձեռագիր է, ինչ-որ անիմաստ տեքստեր․ Աղվան Վարդանյանը՝ Բանակի օրվա մասին
ՀՀ ԶՈւ կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր այցելել են Եռաբլուր։ Աջակիցների հետ էր նաև նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ բանակը մեր ողնաշարն է և շնորհավորեց ողջ ժողովրդին։
«Կուզեի՝ այս օրն ավելի տոնական լիներ։ Թվում է՝ փոքր բան է, բայց Հայաստանում հազարավոր գովազդային վահանակներ կան, ամեն տարի այդ վահանակների վրա Բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին, մթնոլորտ էր․ մի քանի օր է նայում եմ, այդ պատկերներն ընդհանրապես վերացել են։ Պաստառների վրա ձեռագիր է, և ինչ-որ անիմաստ տեքստեր»,- ասաց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ զինվորների, հերոսների հիշատակի առաջ մեր հավատարմությունն արդեն պակասում է։ Նրան չի բավարարում ներկայիս զինված ուժերի վարած քաղաքականությունը․ «Հոգին ու վերաբերմունքը պակասում է։ Տեսեք՝ մեր տասնյակ զորահրամանատարներ ճնշումների ու հալածանքների տակ են, և դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Ցավալի է, բայց այսօր չխոսենք այդ մասին»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գրիչի վերաբերյալ գրառմանը, Վարդանյանն ասաց, որ թեմային ծանոթ է․ «Ես վարչապետի նման չեմ, որը տեղյակ չէր Վահե Գրիգորյանի «հետաքրքիր» կարգավիճակից։ Բայց թույլ տվեք՝ Եռաբլուրում չանդրադառնալ այդ թեմաներին։ Ավելի ուշ կանդրադառնանք դրան և ուրիշ այլ հուզող հարցերի»,-ամփոփեց նա։










