Empire State Building-ը լուսավորվել է «Լեյքերսի» գույներով` ի պատիվ Քոբի Բրայանտի հիշատակի
ԱՄՆ-ում գտնվող Empire State Building երկնաքերը հունվարի 27-ի երեկոյան «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային թիմի գույներով է պատվել` ի պատիվ զոհված բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հիշատակի: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Twitter սոցիալական կայքի նյույորքյան տեսարժան վայրի էջում:
«Լուսավորումն այս երեկո մանուշակագույն և ոսկեգույն կլինի, որով հարգանքի տուրք կմատուցենք կյանքից վաղաժամ հեռացած բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանտին, որը ոգեշնչման աղբյուր է եղել մոլորակի միլիոնավոր մարդկանց համար: Հոգով մնում ենք այս ողբերոգությանն առնչվող ընտանիքների, ընկերների և երկրպագուների կողքին»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:
Empire State Building-ը համարվում է Նյու Յորքի ամենահայտի տեսարժան վայրերից մեկը, որը կառուցվել է դեռևս 1931 թվականին: Շենքի բարձրությունը 381 մետր է:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:
Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել:
Բասկետբոլիստը մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին:
Our lights will shine in purple and gold this evening as we pay tribute to basketball legend Kobe Bryant, an inspiration to millions across the globe who was taken too soon. Our hearts go out to all of the families, friends, and fans affected by this tragedy. #824Forever pic.twitter.com/m84TbQ2d3y
— Empire State Building (@EmpireStateBldg) January 27, 2020










