ԱՄՆ-ում նավակայանի հրդեհվելու հետևանքով 8 մարդ է մահացել, այրվել է 35 նավակ (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների հարավարևելյան մասում գտնվող Ալաբամա նահանգում Թենեսի գետի երկայնքով բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել, այրվել է 35 նավակ, սակայն իշխանություններից դեռևս որոշ ժամանակ է պահանջվում ճշգրիտ թվեր ներկայացնելու համար, քանի որ հայտնի չէ, թե հրդեհի պահին քանի մարդ է նավակներում եղել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Նավակայանը կեսգիշերն անց է հրդեհվել, իսկ լուսաբացին այն դեռ շարունակել է ծխալ:
Առնվազն յոթ մարդ հիվանդանոց է տեղափոխվել` սառը ջուրը նետվելու կամ այրվածքներ ստանալու հետևանքով:
«Արթնացանք և պատուհանից դուրս կարմիր գույն տեսանք: 15-20 րոպեի ընթացքում կրակը պատեց ամբողջ նավակայանը: Բոլոր զբոսանավերում պրոպանի և գազի բաքեր կային, որոնք խոշոր հրդեհների հանգեցրին»,- ասել է ականատեսներից մեկը:
Նավակայանն ամբողջովին փայտից է եղել, վերջերս կառուցված ալյումինից առաստաղը հրդեհի հետևանքով փլվել է նավակների վրա:
Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան:
















