Մոսկվայում` էքսկուրսիայի ժամանակ, չինացի զբոսաշրջիկի ինքնազգացողությունը վատացել է. բժիշկները նրան զննել են տեղում
ՌԴ մայքրաքաղաք Մոսկվայում շտապօգնության ծառայությունը կանչով ժամանել է էքսկուրսիայի վայրերից մեկը, որտեղ չինացի զբոսաշրջիկի ինքնազգացողությունը վատացել է: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, զբոսաշրջիկին հոսպիտալացնելու կարիք չի զգացվել, նրան զննել են տեղում և կորոնավիրուսով վարակման հավանականությունը հերքվել է:
«Շտապօգնությունը տեղում է եղել կանչից 8 րոպե անց: Բժիշկները զբոսաշրջիկին զննել են տեղում: Հոսպիտալացման կարիք չի եղել, քանի որ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոնական թիվը գերազանցել է 80-ը:
Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և Կամբոջայում:










