Բանակում աշխատանքներ կատարվում են և կկատարվեն. Սասուն Միքայելյան
ՀՀ զինված ուժերում աշխատանքներ միշտ կատարվում են և կկատարվեն: Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Բանակը միշտ էլ պետք է համալրվի, ամեն ինչ էլ արվում է»,- ասաց նա և նշեց, որ ոչ մի քաղաքական հարցի չի պատասխանի:
«Ես ուզում եմ արցախահայությանը, սփյուռքահայությանը, ողջ ժողովրդին շնորհավորել, խոնարհվում եմ բոլոր զոհված զինվորների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին, որ մենք կարողացանք զորացնել մեր բանակը, որն արդեն 28 տարեկան է»,– ասաց նա:
«Մենք միշտ պետք է լինենք միասնական, համախմբված, որպեսզի կարողանանք այս ամեն ինչը, որ դրվել է երկրորդ հազարամյակի վերջին, տանենք դեպի, ինչպես սպարապետն էր ասում, 21-րդ դարը, որ մերը լինի»,- ավելացրեց Սասուն Միքայելյան:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է ՀՀ ԶՈւ կազմավորման 28-րդ տարեդարձը։ Այս առիթով ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցած գործիչների հիշատակին:










