Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են, ինձ ես պարտական. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին
Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են, ինձ ես պարտական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
«Արթուր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ...
Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դո՞ւ ես, հընգեր ջան:
Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են, ինձ ես պարտական:
Ասում ես ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության՝ ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչև վերջ և թվիթերը, որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի:
Դու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես: Եվ միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դու ես»,-գրել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Azatutyun.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրականում գրիչը մի ծուղակ էր, որում հայտնվեցին մի քանի հոգի` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ենթադրաբար ծառայություններ առաջարկելուն և որպես ապացույց՝ Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն:
«Անցյալ տարվա առաջին կեսին ես ստացել եմ մի զանգ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վաեցյանից հետևյալ բովանդակությամբ. «Ալեն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել և մի բան է խնդրում, որ Ալենին ասեք իմ հետ կապված քիչ խոսի»,- պատմել է Ալեն Սիմոնյանը:
Այնուհետև, Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ի պատասխան, NEWS.am-ի հետ զրուցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Ալեն Սիմոնյանը ստում է:
«Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,-հայտարարել է Արթուր Վանեցյանը:
«Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին: Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել՝ երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի՝ գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ»,-ասել էր Վանեցյանը:










