Շրի Լանկայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

02:23 • 28.01.20

Շրի Լանկայում գրանցվել է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է News1st հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ վարակվածն Ուհան քաղաքից ժամանած Չինաստանի 43-ամյա բնակչուհի է: Նա հոսպիտալացվել է շաբաթ օրը, իսկ երկուշաբթի նրա անալիզների պատասխանը դրական է եղել:

Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոական թիվը գերազանցել է 80-ը:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում: