ՍՈՒ 30-ի հաջորդ խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հիշողության մեջ իր պարտադիր ժամկետային ծառայությունից շատ բաներ են տպավորվել, բայց նա Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում առանձնացրեց առաջին դժվարությունները:
«Տպավորվել է առաջին համազգեստ հագնելը, առաջին անհարմար ճտքակոշիկները, որոնք ճտքակոշիկ էլ չէին և այլն, հետաքրքիր էր»,- ասաց նա:
Անդրադառնալով սպառազինության թեմային՝ Տոնոյանն ասաց, որ գաղտնիք չի բացահայտի, բայց սպառազինություններն ավելացված են տասնյակ տոկոսներով: «Այսինքն՝ մեր կարողությունները բավականին մեծացել են»,- ասաց նա:
Անդրադառնալով բանակում նոր սննդակարգի անցման հարցին, նախարարը նշեց, որ զորամասերի մոտ 40 տոկոսն անցել է նոր սննդի ապահովման ձևաչափին: Հարցին՝ այս տարի 100 տոկոսով կհամալրվի՞, նա պատասխանեց. «Անում ենք ամեն ինչ, որ ավելացվի: Փորձնական ծրագիրը հաջողված է, և կարող եմ ասել՝ մեզ համար անսպասելի հաջողված»:
Հարցին՝ ՍՈՒ 30-ի հաջորդ խմբաքանակը երբ կհասնի Հայաստան, նախարարն ասաց՝ շուտով:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է չեղարկվել Արցախ այցը, տեղեկություններ կային, թե վարչապետն ու նախարարը Արցախում պետք է գտնվեին, Տոնոյանն ասաց. «Ո՞վ է ասում, որ ինչ-որ բան պլանավորվել կամ չեղարկվել է: Ես վարչապետի այսօրվա շարժը չեմ կարող բացահայտել, բայց անհոգ եղեք, տոնելու ենք շատ մեծ շուքով, ես ձեզ լավ տրամադրություն եմ ցանկանում, այսօր իսկապես շատ լավ տոն է, մեր հպարտ տոներից մեկն է»:
Նախարարը սահմանային իրավիճակը գնահատեց կայուն: Վերջերս միջադեպի հետևանքով ծանր վիրավորված զինծառայողի մասին Տոնոյանն ասաց, որ այս պահին՝ վիրահատությունից հետո, գտնվում է վերահսկողության տակ, իսկ վիճակը ծանր կայուն է:
Ինչ վերաբերում է հարցին՝ բանակում վերջին միջադեպերի պատճառով հրամանատարական կազմից պատժվողներ եղել են, նա ասաց, որ հրամանատարական, կրտսեր հրամանատարական և ավագ հրամանատարական կազմին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում. «Իսկ ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքում, նախաքննության արդյունքում է պարզվում»,- ասաց նա:
Իսկ թե ինչ են պարզել ծառայողական քննությունները, նախարարը նշեց, որ ծառայողական քննությունը ներքին քննություններն են, իսկ քանի որ ծանր դեպքերով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից՝ Դատախազության վերահսկողության ներքո, ապա զուգահեռ գործընթացները ընթանում են և ավելին չի կարող ասել:










