Ծանոթ չեմ տնտեսագետ Աճեմօղլուի հայտարարությանը, բայց մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք. Արդարադատության նախարար
Ծանոթ չեմ պարոն Աճեմօղլուի հայտարարությանը, բայց, եթե չեմ սխալվում, նա միշտ իր աշխատություններում կարևորում է ինստիտուտների կառուցումը և ինստիտուտների միջոցով երկարատև բարեփոխումների իրականացումը: Մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հիշեցնենք, որ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ավելի վաղ կոչ էր արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: «Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշել է Աճեմօղլուն:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե տեղյակ չէ տնտեսագետի այս հայտարարությունից, բայց Աճեմօղլուի հետ իրենք «նույն գծի վրա են». «Ծանոթ չեմ պարոն Աճեմօղլուի հայտարարությանը, բայց, եթե չեմ սխալվում, նա միշտ իր աշխատություններում կարևորում է ինստիտուտների կառուցումը և ինստիտուտների միջոցով երկարատև բարեփոխումների իրականացումը: Մենք մասնակցում եեք մի միջոցառման, որը միտված է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ընդ որում, այդ մարմնի համար այնպիսի կադրային բազա ստեղծելու, որոնց բարեվարքությունը ստուգվում է: Կարծում եմ, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները և ինստիտուտների կայացման իր տեսլականը ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է: Տեսնում եք բոլոր միջազգային կառույցների վերջին արձագանքները, որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական: Այնպես որ, մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք»:










