Վարչապետի ընտանիքին վաճառված սև խավիարի գործարքը կատարած աշխատողին հեռացրել են աշխատանքից. Նարեկ Սամսոնյանը մանրամասներ ներկայացրեց(տեսանյութ)
Երեկ ՀՔԾ-ի հայտարարությունը շատ կարևոր էր, լավագույն բանն էր, որ կարող էին այդ մարդիկ անել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ երեկ ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կատարել է ապօրինություն: Անդրադառնալով ՀՔԾ տարածած հայտարարությանը, թե ինքը խուսափել է ցուցմունք տալուց՝ Սամսոնյանը նշեց, որ չի խուսափել, այլ տվել է ցուցմունք որ քննիչը նենգափոխել է:
«Իր հայտարարությամբ ՀՔԾ-ն փաստացի ընդունեց, որ քաղաքական ակնհայտ հետապնդում է իրականացնում: Նրանց բացառապես հետաքրքիր է, թե ով է ասողը, ո՞վ է իմ աղբյուրը, որ ես պետք է բացահայտեմ, սա խոսքի ազատության դեմ արշավ է: Ես լրատվամիջոցի ղեկավար եմ և իրավունք ունեմ աղբյուր չբացահայտել: Ես երբեք իմ աղբյուրները չեմ բացահայտի, դա բարոյական չի լինի, այն էլ այս քաղաքական տեռորի պայմաններում»,- ընդգծեց նա:
Սամսոնյանը նշեց, որ եթե իրեն են հետապնդում, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի այն մարդու հետ, ով տվել է ինֆորմացիան: «Նրանք սա անում են մեկ նպատակով, որ բռնեն այն թելի ծայրը, որն ինձ անընդհատ տարատեսակ տեղեկություններ է տալիս արքունական կյանքի մանրամասների մասին: «Անտիֆեյքին» թիրախավորում են իմ միջոցով, փորձում են ստանալ աղբյուրներ և նրանց կարճ խելքով՝ ես պետք է բացահայտեմ մեր աղբյուրներին: Եթե ես մեկ աղբյուր բացահայտեմ, էլ ինձ ինֆորմացիա չեն տա, և իրենց թվում է՝ ինչ-որ լեռնիկներ կարող են հասնել դրան: Դուք ձեր քաղաքական հակառակորդների հանդեպ քաղաքական տեռորի լեզուն եք ընտրել և փորձում եք դրանով ազատ խոսքի հերն անիծել: Ինձ չեք կարող որևէ ձևով լռեցնել: Ավելի շատ մարդ է մեզ տեղեկություն տալու ձեր արած ապօրինությունների մասին»,- ընդգծեց Սամսոնյանը:
Սամսոնյանը նշեց որ «Սև խավիարի գործով» հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել: «Այսօր ինձ զանգահարել են 4 տարբեր մարդիկ և ասել՝ գիտեն, թե «իկրայի ռեստորանը» որն է: Ասել են՝ իմացի էսինչ էսինչ ռեստորանն է, ամբողջ քաղաքը դա է խոսում: Այն աշխատողը, որը գործարքը կատարել է, (խավիարը վաճառել է վարչապետին) այդ աշխատողին հանել են գործից: Այդ աշխատողը ասում է՝ Սամսոնյանի պատմածը ճիշտ է ու ինձ էլ դրա համար գործից հանել են»,- շեշտեց նա և դիմելով իշխանություններին ասաց.
«Դուք մաքսիmում սա կարող եք անել. մարդուն աշխատանքից հանել նրա համար, որ նա պատմել է, որ ամիսը 2 անգամ 3000 դոլարով իկրա եք առնում: Եթե սա սուտ լիներ, գիտեք ինչ կլիներ, ոչ թե ՀՔԾ-ն գործ կհարուցեր, այլ հիմա Նիկոլ Փաշինյանն ինձ դատի կտար ու սրանով կփակվեր ամբողջ թեման: Այս մարդիկ չեն ասում, թե չենք առել, եթե այդպես ասեն, էս գործը փուչիկ է դառնալու: Հետևաբար նրա նպատակը ոչ թե հերքելն է, այլ ուղղակի տեռորի է ենթարկում ինձ»։
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Սամսոնյանը կանչվել էր ՀՔԾ որպես վկա ցուցմունք տալու, այնուհետև հանդես էր եկել հայտարարությամբ, թե իր ցուցմունքը կեղծվել է քննիչի կողմից: Սամսոնյանի այս հայտարարությունը հակառակ հայտարարություն էր տարածել ՀՔԾ-ն:
Մանրամասները՝ տեսանյութում։










