Թաիլանդում տաքսու վարորդը վարակվել է չինացի զբոսաշրջիկից, որին տարել է Բանգկոկի հիվանդանոցներից մեկը
Տաքսու վարորդը, որը դարձել է նոր կորոնավիրուսով վարակված առաջին մարդը Թաիլանդում, վարակվել է չինացի զբոսաշրջիկից, որին տարել է Բանգկոկի հիվանդանոցներից մեկը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, լրագրողներին հայտնել է Թաիլանդի առողջապահության նախարարության համաճարակային հսկողության վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Թհանարակ Փհիփհաթը:
«Մեզ հաջողվել է պարզել, որ տաքսու վարորդը, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելը, հիվանդանոց է տարել Թաիլանդ ժամանած և արդեն վարակված Չինաստանի քաղաքացու: Չինացի զբոսաշրջիկի մոտ հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց հետո նա տաքսի է կանչել` հիվանդանոց հասնելու համար»,- ասել է պաշտոնյան:
Չինացի զբոսաշրջիկի մոտ ախտորոշումը հաստատվել է, նա բուժվել է և վերադարձել Չինաստան:
Տաքսու վարորդն ինքնազգացողության վատանալուց հետո անմիջապես բժշկի է դիմել:
Պաշտոնյան հավելել է, որ Թաիլանդում կորոնավիրուսով վարակվածների թիվը 19 է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11 100 է:










