Արմավիրի Հայթաղ գյուղում տեղի ունեցավ զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը, ներկա էր նաև նախարար Դավիթ Տոնոյանը (տեսանյութեր)

10:51 • 02.02.20

14։46

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում քիչ առաջ տեղի ունեցավ օրերս Արցախի ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը, որին ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


12։20

Զոհված զինծառայողների հարազատները Դավիթ Տոնոյանի հետ համաձայնության եկան հետ վերադառնալ և հուղարկավորվել զինվորին:

«Պարոն Տոնոյան Ձեր հանդեպ մեծ հարգանք կա և խնդրում եմ, որ այդ հարգանքը մինչև վեջ մնա»,- նշում էին հարազատները:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքն էլ կմասնակցի հուղարկավորությանը: «Պարոն Տոնոյանն ասաց, որ մեր տղան ինքնասպան չի եղել, ջարդվող տղա չի եղել և երեք հոգի էլ ձերբակալված են»,-




12։09

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ Երևանի Արգավանդ թաղամասի կենտրոնական խաչմերուկի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել, որպեսզի թույլ չտան բանակում մահացած շարքային Վահրամ Ավագյանի բարեկամները նրա դին բերեն Երևան։

«Հենց հիմա Արգավանդի կենտրոնական խաչմերուկի մոտ

Ոստիկանական մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են տարվել, որ զինծառայողի բարեկամներին ցրեն: Էս ա մեր ոստիկանությունը, ծանոթացեք մի քանի վաշտով դագաղ ցրողների համախումբ:

Հ.Գ. Հարգելի ԶԼՄ-ներ ինձ տեղեկացրին, որ տեղում մամուլ չկա, խնդրում եմ հնարավորության դեպում շտապ հասեք և արձանագրեք էս ողորմելիների պահվածքն ընդդեմ սգավոր ժողովրդի»,– գրել է Նարեկ Սամսոնյանը:



11։52

Գնդակը այնպես է դիպչել իրեն, որ անհեթեթություն է ասելը, որ այդպիսի հրազենային վնասվածք մարդ ինքն իրեն կարող է հասցնել, Tert.am-ի հետ զրույցում ասացին զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները: Նրանք պատմեցին, որ զինվորը տասն օր առաջ արձակուրդ էր եկել և ոչ մի խնդիր չի ունեցել, բարոյահոգբանական վիճակը լավ  է եղել և դեպքից մի ժամ առաջ խոսել է եղբայրների, ընկերոջ հետ:

«Ձեռք չի տալիս, որ սպան խփած լինի, քանի որ հանրությունը սպայի խփածը ուրիշ ձև կընդունի, թուրքինը՝ ուրիշ ձև, զինվորինը՝ ուրիշ»,-ասում էին հարազատները:  

11:45

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին, ասաց, որ հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչև չապացուցվի, որ եղել է  ինքնասպանություն, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։

«Հիմա ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում, ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ,որ եղել է ինքնասպանություն և ես այդ մասին ծնողներին ասել եմ: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա: Ընդ որում` ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Մովսես Առաքելյանի (նախարարը նկատի ունի Առաքել Մովսիսյանին` հայտնի որպես Շմայս ): Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է  ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է»– Արմավիր–Երևան մայրուղու վրա News.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։




11։21

«Բոլորիս թասիբի խնդիրն է»,- հարազատների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանը և նշեց, որ ամեն ինչ կկարգավորվի: «Ես դրա համար եմ, որ կարգավորվի»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինչ որ հայտնի է նախաքննության մարմիններին, իրեն էլ է հայտնի: Այսպիսով նա խնդրում էր, որ որոշում կայացնողների հետ ունենա առանձնազրույց և հետո բոլորի ներկայությամբ կխոսի: Սկզբում, թեև զոհվածի հայրը ցանկանում էր, որ բոլորի ներկայությամբ խոսի նախարարը, սակայն այնուհետև նրանք առանձնացան, որպեսզի զրուցեն:


11։00


Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի ծնողները բողոքում են։ Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։

Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան։

Վահրամ Ավագյանի եղբայրը՝ Վահան Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թեև ոստիկանները փակել էին Էջմիածնի ճանապարհը և թույլ չէին տալիս գալ, նրանք չեն վերադառնում և փորձում են հասնել Երևան: Նա նաև նշեց, որ Երևանում պարզ կլինի իրենց գործողությունները: 

Վահան Ավագյանը նշեց, որ իրենք պահանջում են արդար քննություն, քանի որ համոզված են, որ ինքնասպանություն չի եղել: «Ինքը նման քայլի ընդունակ մարդ չէր, ամբողջ գյուղն էլ գիտի, գյուղից դուրս էլ իրեն ճանաչում են, ինքը նման քայլի ընդունակ չէր»,-ասաց նա:

Նշենք, որ դեպքի վայր է եղել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Իրավապաշտպան Ժանն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում ևս նշել էր.«Արմավիրի մարզի Հայթաղ գյուղը սգում է երկու օր առաջ մահացած 20 ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի մահը: Ահավոր ողբերգություն: Նա Ավագյանների 4-րդ որդին էր: Ավագ եղբայրներից 3-ը ծառայել է բանակում, բայց կրտսերի՝ Վահրամի դին բերեցին: Տան մոտ հավաքված համայնքի բնակչությունը ընդվզում է քննչական կոմիտեի հերթական «ինքնապանությանը» և լրատվամիջոցներում տեղ գտած այս վարկածին: Նրան դեռ հողին չեն հանձնել: Բողոքի ուժգին ալիք կար գյուղում»:




Արմավիրի Հայթաղ գյուղում տեղի ունեցավ զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը, ներկա էր նաև նախարար Դավիթ Տոնոյանը (տեսանյութեր)