Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնի կողքին H5N1 խմբի մահացու թռչնի գրիպի բռնկում է գրանցվել
Չինաստանը հաղորդել է Հունան նահանգում H5N1 խմբի մահացու թռչնի գրիպի բռնկման մասին: Հունան նահանգը գտնվում է նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնի՝ Հուբեյ նահանգի հարավային սահմանին, գրում է Новое Время-ն:
Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, հղում տալով երկրի գյուղատնտեսության նախարարությանը, գրիպի բռնկումը տեղի է ունեցել Շաոյան քաղաքի Շուանցին շրջանի ֆերմաներից մեկում:
«Ֆերման 7850 հավ ունի, որոնցից 4500-ն այդ վարակի հետևանքով սատկել է: Տեղի իշխանության ներկայացուցիչների տվյալներով՝ բռնկումից հետո 17828 գլուխ թռչուն է մորթվել»,- ասվում է հայտարարությունում:
Հաղորդագրությունում նշվում է, որ H5N1 վիրուսով մարդու վարակման դեպք Հունան նահանգում չի գրանցվել:










