ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 8-րդ դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 8-րդ դեպքն է գրանցվել: Այս անգամ վարակված անձը Մասաչուսեթս նահանգի բնակիչ է: Այս մասին հաղորդում են նահանգի առողջապահության դեպարտամենտից, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ վարակման դեպքեր էին գրանցվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա, Իլինոյիս, Արիզոնա և Վաշինգթոն նահանգներում: Իշխանություններն արդեն իսկ երկրում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը:
«Նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի արտակարգ դրություն կհայտարարվի երկրում: Այն կսկսվի կիրակի օրվանից: Կարգելվի այն օտարերկրացիների մուտքն ԱՄՆ, որոնք վտանգ կներկայացնեն»,- ասել է նա:
Ազարը նշել է, որ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք Չինաստանի տարածքում են գտնվել 14 օր առաջ կամ այս ընթացքում: Բացառություն կկազմեն ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքի անդամներն ու ԱՄՆ-ի մշտական բնակիչները:
«ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք կվերադառնան Չինաստանից, 14 օրվա ընթացքում կլինեն հատուկ հսկողության տակ»,- հավելել է Ազարը:










