Գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Ֆիլիպիններում արձանագրվել է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտնում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ 44-ամյա չինացին եկել էր համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքից:
Տղամարդը մահացել է Մանիլայի հիվանդանոցներից մեկում: Նախքան Ֆիլիպիններ գալը նա արդեն վարակված է եղել: Չինացին հոսպիտալացվել է հազով, բարձր ջերմությամբ և կոկորդի ցավով: Այնուհետև նրա մոտ թոքաբորբ է սկսվել:
Առողջապահության համաշխարհայիհն կազմակերպությունը հայտարարել է, որ սա Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է:
Չինաստանում վարակի զոհերի թիվը հասել է 304-ի: Ինչ վերաբերում է վարակվածներին, ապա ըստ Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալների՝ նրանց թիվը հասել է 14,380-ի: Մինչդեռ Հոնկոնգի համալսարանի գիտական թիմի ուսումնասիկրության արդյունքները վկայում են, որ միայն համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքում վարակակիրները 75,815-ն են:
Վարակը տարածվել է աշխարհի ավելի քան քսան երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Շվեդրիայում, Ճապոնիայում:










