Լոնդոնում ձերբակալվել են «Ֆորմուլա 1»-ի նախկին ղեկավարի դստերը 66 միլիոն դոլարի չափով թալանած անձինք
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են «Ֆորմուլա 1»-ի նախկին ղեկավար Բերնի Էքլսթոունի դստեր՝ Թամարայի տանից արժեքավոր իրերի գողության համար, հաղորդում են The Guardian-ը և The Sun-ը:
Նախնական համաձայնությամբ գողություն կատարած անձանց՝ 47-ամյա մաքրուհուն և իր 29-ամյա բարմեն որդուն, ձերբակալել են հունվարի 31-ին լոնդոնյան երկու օդանավակայաններում:
Պարբերականների տվյալներով՝ մայրը և որդին հայտնել են, որ իրենք Ռումինիայի քաղաքացիներ են: Նրանք կալանքի տակ կմնան մինչև դատական առաջիկա նիստը, որը տեղի կունենա փետրվարի 28-ին:
Գողությունը տեղի էր ունեցել 2019-ի դեկտեմբերի 13-ին, երբ Էքլսթոունը ամուսնու հետ միասին սուրբծննդյան տոների կապակցությամբ 3 ամսով հեռացել էր Լոնդոնի Քենսինգթոնում իր 55-սենյականոց տանից:
Գողոնը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո (ավելի քան 66 միլիոն դոլար): Բացի գումարից, մայրն ու որդին տարել են նաև թանկարժեք զարդեր, ժամացույցներ և բրենդային պայուսակ:










