Դեռ ոչ մի ապացույց չունեմ, որ Վահրամ Ավագյանն ինքնասպան է եղել. 3 ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է. Դ. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին, ասաց, որ հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչև չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։
Հիշեցնենք, որ Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի դին հարազատները, ի նշան բողոքի, ոտքով բերում են Երևան:
«Հիմա ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում, ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ,որ եղել է ինքնասպանություն և ես այդ մասին ծնողներին ասել եմ: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա: Ընդ որում` ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Մովսես Առաքելյանի (նախարարը նկատի ունի Առաքել Մովսիսյանին` հայտնի որպես Շմայս ): Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է»– Արմավիր–Երևան մայրուղու վրա News.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան:










