Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության շինությունների ապօրինի օտարման գործով. Շիրակի մարզի դատախազ

18:05 • 03.02.20

Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ խմբակացության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հրավիրվելու է հարցաքննության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Վարդան Ղուկասյանը հրավիրվելու է հարցաքննության Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների ապօրինի օտարմանը վերաբերող քրեական գործի շրջանակում: Գործը հարուցվել էր ՝ պաշտոնական լիազորությունները չաշահելու հատկանիշներով՝ ՔՕ 308 հոդվածով՝ «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա:

«Մենք իրականում պարզել ենք, որ ժամանակին նշված տարածքում որոշ շինություններ օտարվել են տարբեր անձանց ձեր նշած քաղաքապետի կողմից: Նաև պարզել ենք , որ այդ շինությունները գտնվել են Կումայրիի արգելոցում և դրա հատկացման իրավաչափությունը, հիմնավորվածությունը պարզելու համար նշանակել ենք դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություն: Պիտի պարզենք՝ արդյոք իրավասո՞ւ էին այդ շինությունները օտարել, թե՝ ոչ և արդյոք օտարված շինությունների գինը համապատասխանո՞ւմ է տվյալ տարում գործող շինարարական արժեքին»,-ասել է դատախազը:

Նա նաև մանրամասներ է ներկայացրել, թե կոնկրետ որ տարածքների մասին է խոսքը: «Խոսքը նաև «Օազիս» սրճարանի մասին է: Նաև  նշված այգում գտնվող այլ կառույցների մասին է»,-ասաց նա:

Դատախազը նաև ասել է, որ ծանոթանալով  գործում առկա փաստաթղթերին, առերևույթ տեսել է խախտումներ նշված փաստերի կապակցությամբ և այդ պատճառով էլ քրեական գործ է հարուցվել:

«Կստանանք եզրակացությունը, որից հետո էլ մեղադրանք կառաջադրենք»,-նշել է նա: