Հիվանդությունը ՀՀ-ում վերահսկելի է, բայց պետք է խուսափել պատեհ-անպատեհ գրկախառնություններից, ձեռքսեղմումներից․ Լուսինե Բադալյանը՝ կորոնավիրուսի մասին
Ամբողջ երկրագնդում իրավիճակը վտանգավոր է, էպիդեմիան պանդեմիա դառնալու հնարավորություն ունի։ Հայաստանն անմասն չի մնացել։ Այս մասին այսօր 1in․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի և այդ շրջանակում Հայաստանի գործողություններին։
Ըստ նրա՝ ճիշտ չէ, երբ խնդրի լուծումը միայն ՀՀ առողջապահության նախարարության են թողնում։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսը նոր չի հայտնաբերվել, պարզապես այս անգամ այն ավելի լայն տարածում ունեցավ և մահացության դեպքեր գրանցվեցին։
Նա կոչ է անում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում խուսափել գրկախառնություններից, համբուրվելուց, ձեռքսեղմումներից։
Պատգամավորն ասաց, որ հիվանդությունը Հայաստանում վերահսկելի է, և եթե Չինաստանից հայրենակիցները ցանկանում են վերադառնալ, ապա այն պետք է կազմակերպել։ «Այս պահին միայն Չինաստանից չէ, որ վտանգավոր է Հայաստան մուտք գործելը, ընդհանուր վիրուսը լայն տարածում է գտել և Եվրոպայում արդեն առկա է։ Կարծում եմ՝ միջոցառումներ իրականացվելու ծավալը մի քիչ էլ պետք է ավելացնել․ ՀՀ բոլոր մանր ու մեծ քաղաքների հիվանդանոցները պետք է դեզինֆեկցիոն նյութը համապատասխան քանակի ունենան, բոլոր հիվանդանոցները և դեղատները շատ մեծ քանակով դիմակների դիմակներով պետք է վերազինվեն։ Փոփոխություններ պետք է նաև մտցնել մշակութային հարցերում, այսինքն՝ առաջիկա մի քանի ամսում պետք է խուսափել պատեհ-անպատեհ գրկախառնություններից, իրար բարևելիս՝ համբուրելուց, ձեռքսեղմումներից, այսինքն՝ ֆիզիկական կոնտակտը հնարավորինս մինիմալի հասցնել»,- ասաց Լուսինե Բադալյանը ։
Ըստ նրա՝ քաղաքացիները նախորդ տարիներին հանդիպած վիրուսների համեմատ ավելի իրազեկված են, և խուճապային իրավիճակ չկա։ Ամեն դեպքում՝ նա հորդորում է պահպանել սառնասրտություն և հանգստություն։










