Կոչ եմ անում ԱԺ ընդդիմադիր ուժերին՝ այս օրենքների հակասահմանադրականության հարցով դիմել ՍԴ. Գ. Մելոյանը՝ «ԱԺ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «ՍԴ մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծի մասին
Սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերին և դրանք համարեց հակասահմանադրական:
Ըստ նրա` իշխող ուժի կողմից Սահմանադրական դատարանի տիրող իրավիճակը ճգնաժամային համարելը արհեստական է, քանի որ տեսնում ենք, թե ինչպես է ՍԴ-ն իր լիազորությունները իրականացնում, համագործակցում ՍԴ դիմող սուբյեկտների հետ:
«Սա ակնհայտորեն վկայակոչում է, որ տվյալ մարմնում որևէ ճգնաժամային իրավիճակ առկա չէ: Ակնհայտ հասկանում ենք, որ Սահմանադրությունից է բխում, որ ՍԴ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հենց սահմանադրական պահանջ է, և դա, ընդհանուր առմամբ, բխում է աշխարհում տեղի ունեցող իրավակիրառ պրակտիկայից: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը մինչև փոփոխությունների իրականացումը պետք է նախնական վերահսկողություն իրականացնի՝ արդյո՞ք հետագայում այդ փոփոխությունները չեն հակասելու Սահմանադրությանը»,-ասաց նա:
Գոհար Մելոյանը մտահոգություն հայտնեց, որ հետագայում կարող է միջազգային պայմանագրերը ևս չներկայացվեն Սահմանադրական դատարան՝ քննելու դրանց սահմանադրականությունը, որը երկրում այս առումով ճգնաժամային վիճակ կառաջացնի: «Ակնհայտորեն փորձ է արվում շրջանցել Սահմանադրական դատարան դիմելու պահանջը, ինչը հակասում է Սահմանադրությունը, փորձ է արվում շրջանցել նաև նախագահի ինստիտուտը: Այս նախագծերը լուրջ վտանգ են պարունակում իրավական պետության համար, որովհետև ոտնահարվում են իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները, մասնավորապես, իշխանությունների տարանջատումը»,-ասաց նա:
Սահմանադրագետը վստահություն հայտնեց, որ եթե այս օրենքն ամեն դեպքում ընդունվեց, ապա այն կլինի հակասահմանադրական: «Ես կոչ եմ անում Ազգային ժողովում գտնվող ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանք այս օրենքների հակասահմանադրականության հարցով դիմեն Սահմանադրական դատարան: Դիմում եմ նաև հանրապետության նախագահին, թեպետ եղել են դեպքեր, որ նա չի իրացրել իր իրավունքը, որ դիմի Սահմանադրական դատարան և կանխի այս իրավիճակը, քանի որ սրանք աբսուրդային, այսպես ասած նոնսենսային բնույթի նախագծեր են»,-ասաց նա:
Նա հարց բարձրացրեց, թե օրինակ երբ ԱԺ-ում քննարկվի նախագծերը մասնագիտությամբ իրավաբաններն իրենց մասնագիտական արժանապատվության վրայով ինչպես են անցնելու և հիմնավորելու այս օրենքների ընդունման անհրաժեշտությունը:
Անդրադարձավ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրեական գործի վերաբերյալ «Հանրային հեռուստաընկերության» կողմից պատրաստված ռեպորտաժին, որը «Ֆեյսբուքի» իր էջով տարածել էր նաև վարչապետը՝ Գոհար Մելոյանն այն համարեց միակողմանի համարեց և նշեց, որ նախաքննության մասին օրենք է խախտվել:
Նա գործող Սահմանադրությունը գնահատեց որակյալ և նշեց, որ նոր փոփոխությունը ժամանակավրեպ է:
Գոհար Մելոյանը զարմանալի համարեց, որ վարչապետը տեղյակ չէ Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չներկայանալու մասին տեղեկությանը: «Վահե Գրիգորյանի ստեղծած իրավիճակը միակ ճգնաժամային երևույթն է, որ առկա է Սահմանադրական դատարանում, քանի որ միակ դատավորն է, որ իրեն թույլ է տալիս օգտվել դատավորի համար նախատեսված բոլոր սոցիալական երաշխիքներից և որևէ կերպ չի կատարում իր Սահմանադրական պարտականությունները»,-ասաց նա:










