2019-ին քաղաքական որոշում է կայացվում մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին. Ս. Պետրոսյանը՝ Ա. Պետրոսյանի նշանակման մասին

14:26 • 03.02.20

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արման Պետրոսյանի՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այս որոշումը ևս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը. Վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին։ Մնացած մանրամասներին կանդրադառնամ մի օր երեւի։ Հեղափոխությո՞ւն, չենք լսել նման բան...»:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի հրամանով Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք նաև, որ Արման Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019 թվականի հունվարի 29-ին  ազատվել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: