«2019 թ. մայիս-օգոստոս ամիսներին ՍԴ-ում որևէ կարգավիճակում չեմ եղել». Արամ Օրբելյանը հերքում է Հ1-ի ռեպորտաժի տեղեկությունը.168.am
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ ՍԴ նախագահի պարտականությունները կատարողը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ. «Խոսում է խրամատներից, ինչն արդեն քաղաքական տեքստ է, և որպես ենթադրյալ թշնամիներ՝ ներկայացվում ենք մենք: Վերջերս Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում մենք ականատես եղանք, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն էր տրամադրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան:
Հաջորդը՝ Հրայր Թովմասյանը ներկայանում է՝ որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ: Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար, սա վկայությունն է այն բանի, որ ի հակառակ իշխանությունների ջանքերի՝ տեղի է ունեցել հակառակը հենց դատարանի կողմից»։
168.am-ի հետ զրույցում Արամ Օրբելյանը պնդեց, որ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում հայտնված տեղեկությունն իրականությանը չի համապատսախնում։
«2019 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ես Սահմանադրական դատարանում որևէ կարգավիճակում չեմ եղել։ Առաջին անգամ ռեպորտաժից եմ իմացել, որ նման գործ կա, չեմ հարցաքննվել, ինձ որևէ հարցում չի արվել, ինձանից որևէ բան չի պարզաբանվել։ Նոր եմ դիմել, որպեսզի ստանամ փաստաթղթերի պատճենները,որպեսզի հասկանամ՝ կա՞ նման բան, թե՞ ուղղակի Հանրայինը որևէ բանի վրա հղում է անում»,- ասել է Արամ Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը Սահմանադրական դատարանում եղած ժամանակ, ՍԴ-ում, այն էլ մի քանի անգամ, չի եղել, եղել է դրանից առաջ, բայց ոչ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան։ Իր ՍԴ գնալն էլ չի թաքցրել և գաղտնի չի այցելել, գնացել է հիմնական մուտքով, ներկայացրել է անձը հաստատող փաստաթուղթ՝ առնվազն այն ծավալով, ինչ ներկայացնում է այլ գերատեսչություն գնալիս։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










