Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ն ապաքինվել են

14:06 • 03.02.20

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվել է 16 օտարերկրյա քաղաքացի, որոնցից երկուսին դուրս են գրել հիվանդանոցից, 14-ը շարունակում են բուժումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՉԺՀ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Հուա Չունինի հայտարարությանը: 

«Համապատասխան մարմինների տեղեկությունների համաձայն` փետրվարի երկուսի դրությամբ Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբով հիվանդացել է 16 օտարերկրյա քաղաքացի, որոնցից երկուսն ապաքինվել են և դուրս են գրվել հիվանդանոցից, 14-ը շարունակում են կարանտինի մեջ գտնվել»,- հայտնել է դիվանագետն առցանց ճեպազրույցի ժամանակ:

Հուա Չունինը նշել է, որ բոլորը գտնվում են կայուն վիճակում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի:

Ըստ կառույցի հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք:

«Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: