«Երեխան առողջ է, բոլորը` երջանիկ». Չինաստանում կորոնավիրուսով վարակված զույգն առողջ երեխա է ունեցել. Daily Mail (լուսանկարներ)
Չինաստանում համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքի հիվանդանոցներից մեկում կիրակի օրը նոր կորոնավիրուսով վարակված զույգը լիովին առողջ երեխա է ունեցել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Առաջինը վարակվել է երեխայի հայրը, որը հիվանդանոցում բժշկական օգնություն է ստանում: Բժիշկները կասկածում են, որ մայրը նույնպես, հնարավոր է, վարակված լինի: Նա գտնվում է կարանտինի մեջ:
Կինը երեխային լույս աշխարհ է բերել Ուհանի հիվանդանացում հատուկ հղիների համար առանձնացված սենյակում` ամբողջովին պաշտպանիչ հագուստներով բժիշկների օգնությամբ, որոնք նշում են, որ «երեխան առողջ է, բոլորը` երջանիկ»:
Նշվում է, որ երեխայի քաշը 3,5 կգ է: Տղա երեխային այժմ բժիշկները մի քանի հետազոտությունների են ենթարկելու:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի:
Ըստ կառույցի հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք:
«Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:













