«Կանայք սեռական ոտնձգությունից բողոքում են այն դեպքում, եթե կատարողը տգեղ է». Էկվադորի նախագահը ներողություն է խնդրել հայտարարության համար
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ներողություն է խնդրել այն հայտարարության համար, ըստ որի՝ «կանայք հիմնական բողոքում են սեռական բնույթի ոտնձգություններից այն դեպքում, եթե այդ գործողությունները կատարողները տգեղ մարդիկ են»:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Մորենոյի կարծիքով՝ ներկայում այնպիսի իրավիճակ է, որ տղամարդիկ անընդհատ վատաբանվելու սպառնալիքի առաջ են կանգնած:
«Դա սեռական ոտնձգություն է դառնում, եթե դա անողը տգեղ մարդ է, բայց եթե նրա արտաքինը լավն է ու համապատասխանում է գեղեցկության չափանիշներին, կանայք հակված չեն մտածել, որ դա ոտնձգություն է»,-ասել է նախագահը:
Իշխող կուսակցության անդամ Սոլեդա Բուենդիան հայտարարել է, որ երկրի նախագահն այսպիսով արդարացնում է կանանց դեմ բռնությունը: Նա նշել է, որ սեռական ոտնձգությունը, բռնաբարությունը, թրաֆիքինգն ու սեռական բնույթի շահագործումը չի կարելի ծիծաղի առարկա դարձնել:
Մորենոյի ասածը քննադատել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները:
Ի վերջո Էկվադորի նախագահը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել, և որ ինքը մերժում է կանանց դեմ բռնության բոլոր տեսակները:










