Կրկին կոչ ենք անում ներկայանալ և «Մարտի 1»-ի գործով ունեցած տեղեկությունները հայտնել օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով. ՀՔԾ–ն՝ Գևորգ Կոստանյանին

19:49 • 03.02.20

Տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գևորգ Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ:

Այս մասին հայտարարություն է տարածել Հատուկ քննչական  ծառայությունը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ այսօր արված հայտարարությանը, որ պատրաստ է վաղը ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:

ՀՔԾ հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Անդրադառնալով Գևորգ Կոստանյանի կողմից այսօր լրատվամիջոցներով տարածված հայտարարությանը` հարկ ենք համարում հայտնել, որ նա «Մարտի 1»-ի քրեական գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, համաձայն որոնց` մեղադրյալի, տվյալ դեպքում` Գ. Կոստանյանի կամ նրա պաշտպանի  խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին, պետք է ունենա միջնորդության ձև, որը, դատավարական ընթացակարգերին համապատասխան ներկայացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի վարույթն իրականացնող մարմնի կողմից: 

Այսինքն` առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ:  Ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել  «Մարտի 1»-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա նման հնարավորություն Գ. Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ:

Չնայած դրան` եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով:                

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: