Ադրբեջանում պատգամավորի թեկնածուն շրջել է ավտոբուսով և լսել բնակիչների խնդիրները (տեսանյութ, լուսանկարներ)

12:41 • 04.02.20

Ադրբեջանում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում պատգամավորի թեկնածու Ռաուֆ Արիֆօղլուն շրջել է մի քանի հասարակական ավտոբուսներով և լսել բնակչությանը հուզող խնդիրների մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ավտոբուսում նա լսել է բնակիչների բողոքները, որոնք դժգոհել են ավտոբուսների փոքրությունից, և նշել, որ քաղաքի կենտրոն գնացող ավտոբուսների բացակայությունը «հարվածում է իրենց գրպանին», քանի որ ստիպված են լինում փոխել ավտոբուսը:

Մյուս ավտոբուսում բնակիչները նույնպես բողոքել են տրանսպորտային համակարգի խնդիրներից, դպրոցականների ծնողներն էլ բողոքել են կրթական համակարգից:

Արիֆօղլուն նշել է, որ իր համար կարևոր է լսել բոլոր խնդիրները` և՛ մանր, և՛ խոշոր, այդ իսկ պատճառով ինքը ցանկանում է անձամբ լսել բնակիչների խնդիրների մասին: