Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շուտով կրկին դեսպան կուղարկի ԱՄՆ

14:52 • 04.02.20

Բելառուսը մոտ ժամանակներս դեսպան կուղարկի ԱՄՆ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հայտարարությանը:

«Դա հնարավոր կլինի մի քանի ամսվա ընթացքում, քանի որ որոշ արարողակարգային, տեխնիկական պահանջների կատարում է պահանջում»,- մանրամասնել է նա:

Այս հայտարարությունն արվել է վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Մինսկ կատարած այցից հետո:

2006 թվականին ԱՄՆ-ն «մարդու իրավունքների խախտման» և «ժողովրդավարական ինստիտուտների խարխլման» մեղադրանքով պատժամիջոցներ էր սահմանել որոշ բելառուս քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ: 2008 թվականին երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին: Այդ ժամանակվանից ի վեր դեսպանությունները ղեկավարում էին ժամանակավոր հավատարամատարները:  

2015 թվականին Վաշինգտոնը մասնակի կասեցրել է պատժամիջոցները և ամեն տարի երկարաձգել է այդ որոշումը: 2019 թվականին Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր Մինսկում ամերիկյան դիվանագետների նկատմամբ սահմանափակումները չեղարկելու մասին: