Չինաստանում նոր կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 425-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով կոմիտեին:
Մեկ օր առաջ տեղեկացվում էր 17 205 հիվանդի և 361 մահացածի մասին:
2788 մարդ գտնվում է ծանր վիճակում, 632 մարդու դուրս են գրել հիվանդանոցներից: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 3235 նոր դեպք, Հոնկոնգում, Թայվանում և Մակաոյում նոր դեպքեր չեն գրանցվել:
Բացի այդ, Չինաստանում ևս 23 214 մարդու մոտ կասկածում են նոր տիպի կորոնավիրուսով վարակվածություն: Գրեթե 171,3 հազար մարդ, որոնք գտնվել են կապի մեջ հիվանդների հետ, գտնվում են հսկողության ներքո:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










